211652_close_icon
views-count964 դիտում article-date 16:29 01-01-2024

Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության․ Վահան Քերոբյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Անցած տարին լի էր կորուստներով և ձեռքբերումներով, որոնցից յուրաքանչյուրը մեր սեփական աշխատանքի կամ դրա բացակայության արգասիքն էր։ Պարզ է` մեր պետության և մեր ու մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է և մեր կամքի, հայրենիքին նվիրվածության, առաջադիմության և բարձր արտադրողական աշխատասիրության արդյունքն է լինելու։

2023 թվականի արդյունքում Հայաստանի մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի մոտ 8280 ԱՄՆ դոլարի, Հայաստանին դասելով 196 երկրների մեջ 86րդ տեղում (2017-ին եղել ենք 122-րդ տեղում, իսկ 2020-ին` 112-րդ)։ Միաժամանակ, աշխատանքի արտադրողականությունն հասել է 9.8 դոլարի (մեկ մարդու մեկ ժամվա արտադրած ՀՆԱ)։ Այնուամենայնիվ, թե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, թե աշխատանքի արտադրողականությամբ մենք ավելի քան 10 անգամ զիջում ենք աշխարհի ամենազարգացած երկրներին։

Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության։ Դա պետք է անել ակտիվ համագործակցության ու փոխադարձ վստահության, նորագույն տեխնոլոգիաների, շարունակական նորարարության և անընդհատ կրթության, ինչպես նաև բիզնեսում գիտության դերի էական բարձրացման շնորհիվ։

Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը իր խելացի աշխատասիրությամբ հեծնի հաջողության ալիքը` նպաստելով մեր պետության ամրապնդմանն ու մեր ժողովրդի բարեկեցությանն ու երջանկությանը»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր