211652_close_icon
views-count19091 դիտում article-date 14:25 01-01-2024

Երևանում թալանել են «Գրիլյան» ռեստորանը՝ տանելով դրամարկղը․ պարեկները, հետապնդելով գողերին, կարողացել են վնասազերծել նրանց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները բազմաթիվ հանցագործություններ են բացահայտել, այդ թվում՝ անձնական ունեցվածքի գողության, անհերքելի փաստ է։ Գողություններ են բացահայտվել ու գողերը տաք հետքերով բռնվել են պարեկների կողմից կեսգիշերից հետո։

Դեկտեմբերի 30-ին գողության հեթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ու շնորհիվ պարեկների՝ գողերը չկարողացան իրենց «սև գործը մարսել»։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ անձի կողմից, ով հայտնել է, որ Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Գրիլյան» ռեստորանը թալանել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Նիկողոսյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում ռեստորանի տնօրեն 47-ամյա Դավիթ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը բացել է ռեստորանի դուռը, մտել ներս և պոկելու եղանակով գողացել ու իր հետ տարել է դրամարկղը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի խումբը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում ժամը 05։00-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը ճիշտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում Հանրապետության փողոցում բռնում և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում 2 քաղաքացու։

Նշված անձինք բաժին են տեղափոխվում գողություն կատարելու հիմնավոր կասկածով։

Պարզվում է, որ պարեկները ճիշտ հետքի վրա են դուրս եկել ու հետապնդումը արդյունք է տվել։

Նշված անձինք են Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Լևոն Ք․-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն։

Վերջինիս մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ, որով ռեստորանի դուռը բացել են ու մտել ներս։

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողության պահը ֆիքսվել է ռեստորանում տեղադրված տեսախցիկի կողմից, ինչը SHAMSHYAN.com-ը ներկայացնում է։ 

Կասկածյալները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ թալանված դրամարկղը իրենք նետել են դրսում տեղադրված աղբամանը, որի մեջ էլ հայտնաբերվել է գողոնը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր