211652_close_icon
views-count47411 դիտում article-date 23:31 25-12-2023

Սյունիքի մարզի պարեկները, փրկարարներն ու ճանշինականները, մի քանի օր է` բքի ու սառնամանիքի պայմաններում «կենաց-մահու պայքար» են տանում` ճանապարհները անցանելի դարձնելու համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է՝ գերլարված պայմաններում են ծառայություն կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների ու փրկարարների հետ ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Ուժեղացված ծառայության պատճառը նրանում է, քանի որ հանրապետությունում տեղացած առատ ձյունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։

Ժամերով վարորդները չեն կարողանում անցնել Սյունիքի մարզի միջպետական ճանապարհներով, որովհետև շատ հատվածներում ճանապարհը պատվել է մերկասառույցով և ձյան շերտով։ Ճանապարհները սպասարկող Սիսիանի և Գորիսի ճանշինականները նույնպես միացել են պարեկներին ու փրկարարներին ու անում են հնարավորինս՝ ճանապարհները անցանելի դարձնելու համար, սակայն ուժեղ բուքն ու սառնամանիքը իրենց «սև գործ»-ն են անում։ Մաքրած հատվածը րոպեների ընթացքում դարձյալ լցվում է ձյան հաստ շերտով, իսկ տեսանելիությունն էլ շատ թույլ է և հենց վարորդների անվտանգությունից ելնելով է, որ ՊԾ Սյունիքի մարզի հրամանատար Գ․ Զաքարյանի կարգադրությամբ ամենավտանգավոր ժամերին, երբ բարձրանում  է բքի ու սառնամանիքի սանդղակը, դադարեցվում է տրանսպորտային  միջոցների շարժը։ 

Այս պահին էլ Սյունիքի մարզում պարեկներն ու փրկարարները, ճանշինականների հետ շարունակում են աշխատանքները, որպեսզի րոպե առաջ ճանապարհները բացվեն, բայց բնության դեմ անզոր են անգամ աշխարհի ամենազարգացած ու կատարելագործված տեխնիկաներով զինված պետությունները։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով` այս մի քանի օրերի ընթացքում Սյունիքի մարզում առողջական խնդիրների առջև են կանգնել Սյունիքի մարզի մի քանի պարեկներ, փրկարարներ ու ճանշինականներ՝ բարձր ջերմություն, հազ ու թոքաբորբ։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր