211652_close_icon
views-count72467 դիտում article-date 16:13 24-12-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Երևան սիթի» ընկերության Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է․ ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկում՝ «Գիգանտ» շարումայանոցի հարևանությամբ, Mercedes Atego մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արաձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարատակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Ա․ Իսախանյանի հանձնարարականով, դեպքի վայր են ժամանել նաև լրացուցիչ պարեկներ, ովքեր դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը պատկանում է հայտնի գործարար, Աժ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր