211652_close_icon
views-count41217 դիտում article-date 17:07 16-12-2023

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Nissan-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին ու երկաթե ճաղավանդակին և մոտ 6 մ բարձրությունից հայտնվել ձորում․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գանձակ բնակավայրից դեպի Սարուխան բնակավայր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարին, երկաթե ճաղավանդակին և մոտ 6 մետր բարձրությունից ընկել և հայտնվել ձորում՝ կամրջի տակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Մ․-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արաքսյա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ազգականներ են։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր