211652_close_icon
views-count31272 դիտում article-date 09:50 14-12-2023

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիս-Նորամարգ ճանապարհի կամրջի վրա բախվել են բեռնատար ГАЗель-ը, Nissan-ն ու ВАЗ 21124-ը. կան վիրավորներ. մի քանի ժամ կամրջի վրա երթևեկությունը դարձել էր անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մասիս-Նորամարգ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովսեփ Գ.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նվեր Ա.-ի վարած ВАЗ 21124 մակնիշի և 35-ամյա Մարգարիտա Հ.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նվեր Ա.-ն և Մարգարիտա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիներն ու «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով կամուրջը ամբողջությամբ փակվել էր և ճանապարհը դարձել էր անանցանելի: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գոռ Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Խորեն Գեղամյանը: 

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ նրանք վարորդներին հորդորում էին, որպեսզի շրջանցող փողոցներով երթևեկեն, մինչև դեպքի վայրում կաշխատի քննչական խումբը:

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+

Նմանատիպ նյութեր