211652_close_icon
views-count1327 դիտում article-date 13:38 13-12-2023

«Գոռի մասին պատմելու շատ բան կա։ Ամեն տեղ առաջինն էր ու լավագույնը, բայց երբեք իր արածի համար չէր պարծենում». Aravot.am

Aravot.am-ը գրում է.

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկած լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ուղեկցվեց հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։ Երկու օրվա ընթացքում հայկական կողմն ունեցավ 180-ից ավելի զոհեր։ Հազարավոր անմեղ մարդիկ հայտնվեցին դրսում՝ հետևում թողնելով սեփական քրտինքով կառուցած տունն ու հայրենի հողը։

Գայանե Աբրահամյանը, որը 2020 թվականին կորցրել էր ամուսնուն, սեպտեմբերին ստացավ ցավալի լուր Գոռի՝ որդու զոհվելու մասին։ Գոռ Անտոնյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 20-ին։ 2020 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետը, սակայն ընդունվելու լուրն իմանալուց մեկ շաբաթ անց մոր՝ Գայանե Աբրահամյանի հորդորով ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի նույն ֆակուլտետում։

Նույն տարվա փետրվարին Գոռը անցավ ծառայության Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում և զորացրվեց 2023-ի փետրվարին։ Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվեց աշխատանքի Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես ենթասպա։ Սեպտեմբերի 19-ին՝ ողջ գիշեր կատաղի մարտեր մղելուց հետո, սեպտեմբերի 20-ի լուսադեմին Գոռ Անտոնյանը զոհվեց։ «Գոռի մասին պատմելու շատ բան կա։ Ամեն տեղ առաջինն էր ու լավագույնը, բայց երբեք իր արածի համար չէր պարծենում», – պատմում է քույրը ՝ Մերին։

«Գոռս շատ լավ էր սովորում ու բոլոր տեղերում առաջինն էր։ Գոռիս բոլորը սիրում էին»,- ասում է տիկին Գայանեն։

«Ամբողջ օրը սպասում էի, որ Գոռս դուռը կբացի, բայց բոլորն արդեն գիտեին էդ լուրն ու քարացած դեմքիս էին նայում»,- պատմում է տիկին Գայանեն։

Գոռը Իրա Հարությունյանի առաջին թոռն է ու իրար հետ շատ կապված են եղել։ Ասում է ՝ Գոռս հետս շատ էր կիսվում։ «Գոռս էկավ, հաջող արեց, որ դիրքեր պիտի գնա, բայց էս ինչ իմանայի, որ էդ վերջին հաջողն է իմ Գոռի։ Ամեն տեղ իրեն եմ փնտրում, ու ոչ մի տեղ չկա իր նմանը »,- պատմում է Իրա տատիկը:

Իրա տատիկը ամեն անգամ Գոռին կոնֆետներ է տվել, որ հետը դիրքեր տանի։ «Սեպտեմբերի 13-ին տվեցի, որ հետը տանի, ասեցի՝ կուտես, որ ժամանակդ սպառվի, մի քիչ ցրվես»,- ասում է Իրա տատիկը։

«Արցախի բարբառով այս բույսը կոչվում է անմոռուկ։ Իրենից հիմնականում թեյ են պատրաստում։ Գոռը, որ դիրքերից եկավ, հետը բերեց, տվեց տատիկին ու ասաց՝ տատի, մենք էնտեղ սրանով թեյ ենք խմում, հանգստացնում է, դու էլ կխմես»,- պատմում է քույրը՝ Մերին։ Այժմ Գոռի ընտանիքն ապրում է Երևանում՝ հարազատ Մարտակերտից հեռու։ Գոռն ունի նաև փոքր եղբայր ՝ տասնմեկամյա Գևորգը։

Նմանատիպ նյութեր