211652_close_icon
views-count1642 դիտում article-date 15:37 08-12-2023

Բողոքի ակցիա. կենդանասերները գնդակահարված շան մարմինը բերել էին գլխավոր դատախազության դիմաց. News.am

Կենդանասերներն իրենց շների հետ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ. նրանք բողոքում են շների սպանդի դեմ, որ տեղի էր ունեցել Հրազդան քաղաքում: Այս մասին հայտնում է News.am-ը: 

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ցուցադրեց որսորդական հրացանի գնդակ, որ իր ասելով հանել է շան գլխի միջից. «Մենք ռենտգենը կտրամադրենք լրատվամիջոցներին, ինչպես նաեւ սպանդից կադրեր, արյունլվիկ շների կադրեր»:

Նրանք նաեւ բերել էին կրակոցներից սատկած շան մարմինը:

Կենդանասերները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, մինչեւ դատախազությունից որեւէ մեկը չիջնի եւ բացատրություն չտա:

«Հրազդանը հայտնի է իր դաժանությամբ, տարիներ առաջ էլ շան հետեւը փայտ էին մտցրել ու էդպես քարշ տվել: Սա կանխամտածված սպանություն է: Սա եղավ այն բանից հետո, երբ երեկ լրատվականները տարածեցին, որ 7 տարեկան երեխային շները գզել են, թեեւ չէին գզել: Սա կառավարության մեղավորություն է, չեն արվում ստերջացման ծրագրեր, չեն բացվում կացարաններ, դպրոցի կողքը աղբակույտ է, ինչը կենդանիների համար սննդի աղբյուր է: Հրազդանում ստերջացման ծրագիր չի հայտարարել: Իմ տվյալներով սպանել են 7 շուն»,-ասաց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից մեկի անդամը:

Կենսաբազմազանության պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ պատկան մարմինները թքած ունեն առաջարկվող բոլոր լուծումների վրա. «Ոչինչ չի իրականացվել այսքան ընթացքում, եղել են միայն դատարկ խոստումներ՝ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի գլխավորությամբ: Նա իր խոստման համաձայն, պարտավոր էր արդեն անցած տարի Կենդանիների բարեկեցության օրենքը բերել ԱԺ: Դա իր մեջ ներառում է Հայաստանի տարածքում կենդանիների հաշվառում, ողջ երկրի տարածքում պարտադիր ստերջացման ծրագրի ներդրում: Ստերջացման ծավալները շատ քիչ են այսօր: Հայաստանի ողջ տարածով պետք է լինեն պետական կացարաններ:

Մենք տվել ենք բազմաթիվ հաղորդումներ հանցագործության մասին, Աննա Վարդապետյանը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին: Դատախազության հաղորդագրությունը, որ վարույթ է հարուցվել, ընթացել է նախաքննություն, շատ քիչ է, որովհետեւ բազմաթիվ վարույթներ են եղել եւ մարդիկ չեն կրել բացարձակ որեւէ պատասխանատվություն: Եթե կառավարությունը, մնացած պատկան մարմինները համապատասխան արձագանք չտան, համապատասխան օրենք չընդունեն, վերահսկողություն չսահմանեն, իմ գլխավորությամբ տվյալ կենդանիները բերվելու են իրենց դռան առջեւ: Այսօր մենք այդ քայլը արել ենք»,-ասաց նա:

«Թող ոստիկանությունը չհամարձակվի ասել, որ տարածքի տեսախցիկները չէին նկարում, որ իրենք չեն կարող արձանագրել, թե ովքեր են կրակել: Դեռ պետք է քննություն իրականացնել ու պարզել, թե ինչպես է Հրազդանի պարեկային ծառայությունը չլսելու եւ չտեսնելու տվել խայտառակությունը, որը տեւել է մեկ ժամից ավելի: Մեր տվյալներով անշնչացել է 7 շուն»:

Նմանատիպ նյութեր