211652_close_icon
views-count940 դիտում article-date 19:40 07-12-2023

ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը

 ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և քննարկել այն ուղիները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առևտրաշրջանառության ծավալները հասցնել մինչև 3 մլրդ դոլարի։  

Քննարկված թեմաների թվում էր Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր։

Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է նաև ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Ալիռեզա Ասգարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ արտադրություններ հիմնելու, ինչպես նաև՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր