211652_close_icon
views-count1402 դիտում article-date 23:31 21-11-2023

Ես կպայքարեմ՝ վերականգնելու Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ես մեկնում էի Հայաստան, Ազգային Անվտանգության Ծառայությունը արգելեց իմ մուտքը եւ արտաքսման հրաման տվեց՝ ասելով, որ ես «պերսոնա նոն գրատա եմ»։

Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել ... Դատավորը 14 օր ժամանակ էր տվել Անվտանգության Ծառայությանը՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը։ Փաստաբաններս խնդրեցին, որ կարողանամ հաջորդ նիստին ներկա գտնվել, բայց դատավորը մերժեց, փոխարենը, սակայն առաջարկեց հեռակա կարգով մասնակցել: Անվտանգության Ծառայությունն ի հարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, եւ նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին, պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում։

Դիմում եմ Հայաստանի արդարադատության համակարգին՝ ձեռք բերել իմ հեռացման պատճառները եւ ինձ իրավունք տալ մասնակցելու այս դատավարությանը։ Իսկ եթե Անվտանգության Ծառայությունը դեռ շարունակի չներկայացնել իմ հեռացման պատճառները, ես ակնկալում եմ, որ այս որոշումը կասկածի տակ դրվի։ Իսկ եթե ականատես լինենք արդարադատության պարզ ձեւականությանես, չեմ վարանի այն փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկի այս անհիմն որոշումը: Ես կպայքարիմ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. երկիր, որի համար պայքարել եմ ավելի քան 40 տարի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել էր․ թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա (2021 թվականի - խմբ․) հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:

Նմանատիպ նյութեր