211652_close_icon
views-count1621 դիտում article-date 23:53 17-11-2023

Երևանի քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ է հանձնել վթարայինների բնակիչներին

Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ պայմաններում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ընդամենը ամիսներ առաջ խնդրահարույց հասցեներ այցելած Տիգրան Ավինյանը  բնակիչներին խոստացել էր. տասնամյակների խնդիրը կլուծվի: «Շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մեր՝ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո մենք այսօր արձանագրում ենք  այս կարևոր արդյունքը:
Եվ այս արդյունքը այն մասին է, որ 4-րդ կարգի վթարային շենքերում Երևան քաղաքում որևէ մեկը չպետք է բնակվի, որովհետև երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ընդգծել է քաղաքապետը:

Նշվում է, որ քաղաքային իշխանությունը գործընթացը քննարկումներից տեղափոխեց գործնական փուլ ու հասավ խնդրի հիմնավոր լուծմանը:  

Ըստ աղբյուրի՝ գնման վկայականներով հնարավոր կլինի բնակարաններ գնել, ինչպես ժամանակին կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում, բնակիչների մի մասին էլ տրվում են բնակարաններ՝ առկա ֆոնդից: Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը:

Նմանատիպ նյութեր