211652_close_icon
views-count1021 դիտում article-date 16:07 09-11-2023

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը. Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
Այն ներկայացնում ենք ստորև․

«Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա:

Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:

Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրյայի ողջ ընթացքում, բավարար էր ընկալելու համար աղետի մասշտաբները:

Սակայն, երբ մեզ թվաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագա 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար և նպատակային քայլերի հետևանքով պարզ դարձավ, որ աղետի վերջը դեռ չի երևում, քանի դեռ վերացված չեն այս արհավիրքի պատճառները:

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով:

Ամիսներ առաջ Փաշինյանը ցինիկաբար հայտարարեց, որ ընդդիմության պատճառով կյանքի չեն կոչվել նոյեմբերի 9-ի հայտարարության «հայանպաստ» դրույթները:

Այսօրվա ճգնաժամից հետհայացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամենը մի քանի «հայանպաստ» դրույթ: Նախ պահպանվում էր Լաչինի միջանցքի գոյությունը և ֆունկցիոնալությունը: Անցյալ տարվանից Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղությամբ և հաջողեց: Մյուս, մեր շահերին համահունչ դրույթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մոտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, և Փաշինյանը մատը մատին չի տվել այս խնդիրը վերջնական լուծելու համար:

Անշուշտ, հուսադրող էր այն փաստը, որ սույն հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարավորությունների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման համար: Փաշինյանի կողմից նշաձողի իջեցումը հանգեցրեց Պրահայի չարաբաստիկ հայտարարությանը, որով հիմքեր ստեղծվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի համար:

Դրական էր նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերակատարությունը և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում, ինչը, ցավոք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժեքորեն իր նպատակներին բուռն գեոպոլիտիկ խաղերի հետևանքով:

Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմերի համար առկա եզակի շահեկան հնարավորությունները հօդս ցնդեցին ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Արդյունքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ հայտարարությունն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրույթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցավ Արցախը հանձնելու երկրորդ՝ հետպատերազմյան փուլին և ձեռքերը լվաց եռակողմից՝ հանուն արևմտյան գեոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրույքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղավոր», «հայից ավելի հայ չենք լինելու» մոտեցումներով՝ Հարավային Կովկասի և գլոբալ դասավորություններում, բնականաբար, հետապնդում է բացառապես սեփական շահերը:

Նիկոլի իշխանության, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը:

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը, եթե Փաշինյանի անփառունակ իշխանությունը մեր ժողովրդի հավաքական կամքով չավարտվի: Ուստի 2021թ. հունիսի 21-ն ավելի խայտառակ օր է մեր պատմության մեջ, քան անգամ 2020թ. նոյեմբերի 9-ը»,- գրել է Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր