211652_close_icon
views-count1039 դիտում article-date 17:07 26-10-2023

«ԵԽ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները»․ ԵԽ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայտարարություն ընդունվեց. Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում քիչ առաջ ձայների 55 «կողմ», 12 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարությունը։

Փաստաթղթի հեղինակ Բերն Վոհրինգերը (Գերմանիա) ԵԽ Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում, մինչ հայտարարության քննարկումն ու քվեարկությունն, իր ելույթի ընթացքում օգտագործեց exodus բնորոշումը՝ կապված Ղարաբաղում բնակվող հայերի հետ կատարվածի հետ ու հայտարարեց․ «Կոնգրեսը չի կարող լուռ մնալ այն իրավիճակի հետ կապված, որն ունի ահռելի ազդեցություն տեղական իշխանությունների վրա ռեգիոնում, ինչպես նաև չի կարող լռել մարդու իրավունքների հետ կապված։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն, պետք է հոգալ հումանիտար կարիքները։ Կոնգրեսը պետք է դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք մարդկային բազմաթիվ կյանքեր են խլել, Ղարաբաղի հայերի փախուստի պատճառ են դարձել դեպի Հայաստան։ Կոնգրեսը պետք է իր մտահոգությունը հայտնի ներկայիս հումանիտար իրավիճակի հետ կապված և իր համերաշխությունը հայտնի Հայաստանի տեղական իշխանություններին, որոնք Ղարաբաղի հայերին ընդունելու ջանքերի առաջնագծում են»։

Բերն Վոհրինգերը վստահեցրեց, որ այս հայտարարության նպատակն է արտացոլել ներկայիս հումանիտար իրավիճակը, մարդու իրավունքները և շեշտեց․ «Այս փաստաթղթի նպատակը չէ անդրադառնալ այս հակամարտության տարբեր տեսանկյուններին։ Այս հայտարարությունը պետք է լինի առաջին քայլը, արձագանքը ներկայիս իրավիճակին, որին պետք է հետևի այցելությունը տարածաշրջան և ավելի մանրամասն զեկույցի պատրաստումը»։

Անդրադառնալով զեկույցի վերնագրում Լեռնային Ղարաբաղ անվանման փոխարեն Ղարաբաղ եզրույթն օգտագործելուն՝ հայտարարության հեղինակն ասաց․ «Ես գիտեմ, որ Ղարաբաղ բառը չի գոհացնելու բոլորին, բայց ես նաև վստահ եմ, որ որևէ այլ եզրույթ չկա, որը կարող է գոհացնել բոլորին։ Բյուրոյի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել օգտագործել Ղարաբաղ բառը, որը ԵԽ քարտուղարի հայտարարությունների հետ մեկ գծի վրա է»։

Հայտարարության տեքստում, մասնավորապես ամրագրված է․ «Կոնգրեսը խստորեն դատապարտում է 2023-ի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունը և տարածաշրջանի 10-ամսյա շրջափակումը, ինչը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի, մարդկային զգալի կորուստների և ավելի քան 100 000 մարդու փախուստի Հայաստան»։ Փաստաթղթում թեև նշված է, որ Կոնգրեսը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև խորը մտահոգություն կա կապված հումանիտար իրավիճակի հետ։ Կոնգրեսը ողջունում է ՀՀ իշխանությունների ջանքերը ընդունելու Ղարաբաղի հայերին, որոնք ստիպված էին փախչել տարածաշրջանից։

Կոնգրեսի փաստաթղթում նաև ամրագրված է․ «Կոնգրեսն ափսոսում է Ադրբեջանի ռազմական գործողության և տարածաշրջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի լուրջ հումանիտար հետևանքների հետ կապված և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացման և բնակչության հետագա արտագաղթի (exodus)»։ Հայտարարության մեջ նաև ամրագրում կա Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանում գտնվող ներկայացուցիչների կալանավորման հետ կապված․

«Կոնգրեսը միանում է Խորհրդարանական վեհաժողովին և ԵՄ Ռեգիոնների կոմիտեին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին», նաև «Կոնգրեսն իր համերաշխությունն ու լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի տեղական իշխանություններին, որոնք Ղարաբաղի հայերին ընդունելու ջանքերի առաջնագծում են»։

Նմանատիպ նյութեր