211652_close_icon
views-count77547 դիտում article-date 20:36 14-10-2023

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Renault Logan-ը բախվել է «դարոժնի կատոկ»-ին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Renault Logan մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «դարոժնի կատոկ»-ին, որն օգտագործվում է ասֆալտապատման աշխատանքների ժամանակ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարողները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են Renault Logan-ը, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Անտոնյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի ավագ տեսուչ Տարոն Մալխասյանն ու Միսակ Սողոյանը, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Խաչատրյանը և Մուշեղ Հովհաննիսյանը դեպքի վայրը սահմանազատել են և հետաքրքրասեր վարորդներին հորդորում են, որպեսզի մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և ավագ քննիչ Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ:

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որ ընկերությանն է պատկանում «դարոժնի կատոկ»-ը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր