211652_close_icon
views-count1093 դիտում article-date 22:34 20-09-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախում տիրող իրավիճակը քննարկել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ:
Հանդիպմանը Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ անդրադարձավ Արցախում տիրող բարդ իրավիճակին և Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ծանր հետևանքներին՝ կարևորելով այս պայմաններում արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովումը։

Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը, Եվրամիության անդամ պետությունները և անձամբ ԵՄ դեսպանն ամեն ջանք ի գործ կդնեն կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։

Իր հերթին դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով իր առաքելությանը Հայաստանում, կարևորեց նաև Հայ Եկեղեցու հետ երկխոսությունն ու սերտ գործակցությունը՝ ուղղված Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: ԵՄ դեսպանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Նմանատիպ նյութեր