211652_close_icon
views-count3829 դիտում article-date 21:10 19-09-2023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 50-ամյա վարորդը բեռնատարով «Քարավան» ռեստորանի մոտ կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 50-ամյա Մուսաեբ Ի.-ն իր վարած МАСК մակնիշի ցիստեռն ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ «Քարավան» ռեստորանային համալիրի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը ապա սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր