211652_close_icon
views-count2041 դիտում article-date 16:40 18-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է օգնել Հայկ Մարությանին. Անդրանիկ Թևանյանը նշեց պայմանը

«Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ ուղիղ բանակցություններ չկան։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Անդրանիկ Թևանյանը։

Նա նշեց, որ դաշինքը պատրաստ է քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, եթե այդ ուժը համաձայն լինի ամբողջական իշխանափոխության ծրագրի հարցում։

«Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որով կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել, այդ սկզբունքները երեքն են` պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է բնականաբար ՔՊ –ի հետ համագործակցությունը հնարավոր չհամարի և ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսի»,– ասաց նա։

Թևանյանը վստահեցրեց, որ իր համար քաղաքապետ դառնալն առաջնահերթություն չէ, մասնակցության միակ պատճառը իշխանափոխությունն է։

Նա անդրադարձավ նաև Հայկ Մարությանին։
«Մեր դաշինքը պատրաստ է օգնել նրան, որպեսզի համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով,– ասաց Թևանյանը և ավելացրեց,– ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ վերահսկողական լծակի չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա»։

Ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ համագործակցելու հավանականությանը, ապա Անդրանիկ Թևանյանը շեշտեց` այն ուժերը, որոնք համագործակցել են , համագործակցում են կամ ՔՊ–ի հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել, իրենց հետ քննարկելու բան չունեն։

Նմանատիպ նյութեր