211652_close_icon
views-count928 դիտում article-date 11:56 17-09-2023

ԿԸՀ-ն մինչ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը 101 դիմում- գրություն է ստացել

Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նշանակման օրից մինչ ընտրությունների օրը ԿԸՀ-ն ստացել է 101 դիմում-գրություն, որոնք առնչվել են Երևանի ավագանու ընտրություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

«Նշված դիմումներից թվով 14-ը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով դիմումներն են: Բոլոր դիմումները բավարարվել են, և այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են թվով 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Թվով 45 դիմումներ վերաբերել են հավատարմագրման գործընթացին, որոնցից 40-ը ներկայացվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, և թվով 5 դիմումները վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը: Դրանցից երեքը տեղական կազմակերպություններից են ներկայացվել, իսկ երկուսը՝ միջազգային կազմակերպություններից: Որևէ դիմում չի մերժվել: Բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են, և բոլոր ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները հավատարմագրվել են»,- նշեց նա:

Թվով 6 դիմում է ներկայացվել ինքնաբացարկի վերաբերյալ: Դրանք ներկայացվել են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից: Ընդ որում՝ մեկը ներկայացվել է մինչև գրանցում իրականացնելը, հետևաբար այդ կուսակցության ցուցակը գրանցվել է առանց այդ թեկնածուի տվյալների: Հինգ դիմումներ ներկայացվել են հետագայում, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքն արդեն գրանցված են եղել: Բոլոր դիմումները բավարարվել են: Այդ թեկնածուների տվյալները հանվել են կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակից:

«Թվով 12 դիմում հանդիսացել են տեղեկատվության հարցում, որոնց մեծ մասը առնչվել է իրականում ընտրողների ցուցակներին, թե որտեղ պետք է քվեարկեն, քանի որ փոխել են գրանցման վայրը: Հետաքրքրվում էին, թե արդյոք նոր հասցեն ընդգրկվել է ընտրացուցակներում: Նման հարցումները վերահասցեագրում ենք ՀՀ ոստիկանություն: Հարցումներին առնչվող տեղեկատվության մի մասը վերաբերել էր նրան, թե ինչպես են բաշվում վահանակները, որոնք տրամադրվում են նախընտրական նյութերի քարոզչական պաստառների փակցման համար և դրանց վերաբերյալ նույնպես տրամադրվել է տեղեկատվություն: Մի մասն էլ վերաբերում էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց կազմերին, գտնվելու վայրերին»,- մանրամասնել է Հակոբյանը:     

Ստացվել է թվով 18 դիմում, որոնցից 7-ը ներկայացվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կամ նրանց ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից: Թվով 6 դիմում ներկայացվել է Երևանի ավագանու ընտրություններին համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների կողմից, և թվով հինգ դիմում ներկայացվել է քաղաքացիների կողմից:

«Մեկ դիմումով նշվում էր, որ անհայտ անձինք են գրանցվել մի հասցեում և, քանի որ ընտրողների ցուցակներով զբաղվում է ոստիկանությունը, ապա նրան է հասցեագրվել այդ դիմումը: Մեկ դիմումով պահանջվում էր պարզաբանել, թե արդյոք օրենքին համապատասխան են իրականացվել նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերը: Այդ հարցն առաջացել էր կուսակցությունների և դաշինքի կողմից տրամադրված հայտարարագրերը հրապարակելուց հետո: ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել և առկա տեղեկատվությունն այդ կապակցությամբ ներկայացրել է, ընդ որում՝ մատնանշվել է, որ խախտում առկա չի եղել: Մնացած դիմումներն առնչվել են նախընտրական քարոզչության սահմանած կարգի պահպանությանը, որոնց դեպքում նյութերը կամ ուղարկվել են իրավապահ մարմիններին, կամ մյուս դեպքերում ԿԸՀ-ն ձեռնարկել է օպերատիվ միջոցներ՝ պարզելու ներկայացված հանգամանքները, թե արդյոք առկա են խախտումներ: Եղել է իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրել է խախտում, սակայն միջոցներ ձեռնարկելու պահին խախտումը արդեն վերացված է եղել, ուստի դրա վերաբերյալ դիմումատուն իրազեկվել է»,- ասաց նա:
Հակոբյանը հավելեց՝ եղել են դեպքեր, երբ ԿԸՀ-ն ստացել է դիմում այն հանգամանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ արդեն  նյութեր է ուղարկած եղել իրավապահ մարմիններին:

ԿԸՀ էլեկտրոնային հասցեին ևս դիմումատուները ուղարկում են նամակներ, որոնց վերաբերյալ կատարվում է ուսումնասիրություն, և պատասխանները տրվում են դիմումատուներին: Դրա վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական կայքում կա համապատասխան հրապարակում: Այս ժամանակահատվածում եղել է 14 նամակ, որոնցում բարձրաձայնված հարցերը և դրանց վերաբերող պատասխանները հրապարակված են ԿԸՀ կայքում:

Քվեարկության նախորդ օրը, Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընտրական հանձնաժողովներն իրականացրել են հերթապահություն 09:00-ից մինչև 21:00-ն: Այդ ընթացքում ընտրական գործընթացի մասնակիցները, քաղաքացիները կարող էին դիմում ներկայացնել հանձնաժողովներ: Այսօր՝ քվեարկության օրը, ԿԸՀ-ում արդեն իսկ մուտքագրվել է մեկ հարցում էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, և մեկ դիմում ստացվել է ԿԸՀ էլեկտրոնային հասցեին:

Հակոբյանը պարզաբանեց՝ այս դիմումը և հարցումը գտնվում են քննարկման փուլում: Քվեարկության օրը ԿԸՀ-ում գործում է իրավիճակային վերլուծության կենտրոն, որն ուսումնասիրում է ԶԼՄ-ներով ներկայացվող տեղեկությունները և ըստ անհրաժեշտության՝ ձեռնարկում է օրենքով սահմանված միջոցներ: ԿԸՀ կայքում զետեղված են նաև թեժ գծի հեռախոսահամարները, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել իրավիճակային վերլուծության կենտրոնի հետ և բարձրաձայնել քվեարկությանը կամ ընտրություններին առնչվող խնդիրները: Քվեարկությանը օրը ժամը 08:00-ից մինչև 22:00-ն քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել ԿԸՀ:   

Նմանատիպ նյութեր