211652_close_icon
views-count802 դիտում article-date 14:02 07-09-2023

Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք. Արցախի ԱԳ նախարար

«Մեր պաշարները սպառված են․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է»,- ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի ֆրանսիական Ouest-France օրաթերթին տված հարցազրույցում, որը տարածել է Արցախի ԱԳՆ-ն։ 

Հարց. 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչպիսի՞նն է իրավիճակն Արցախի Հանրապետությունում։

Պատասխան. Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է  Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է  տեղադրել։ Հունիսի 15-ից  վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի  և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների համար։

Հարց.  Ինչպիսի՞ հետևանքներ է ունեցել շրջափակումը։

Պատասխան. Ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների բնականոն գործունեությունը: Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները  մշակել: Ավելին՝ նրանք ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի նպատակն է խոչընդոտել ցանկացած տեսակի տնտեսական ակտիվություն Արցախում և էլ ավելի խորացնել սովը։ Սա հումանիտար աղետ է։

Մեր պաշարները սպառված են․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու, եթե այս շրջափակմանը վերջ չդրվի։ Պետք է անհապաղ միջոցներ կիրառել, այլապես չափազանց ուշ է լինելու։

Հարց.  Ըստ Ձեզ՝ սովը կանխամտածված կերպո՞վ է կազմակերպված։

Պատասխան. Այո, միջազգային առաջատար փորձագետներն իրավիճակը բնորոշում են որպես ցեղասպանություն։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք։

Հարց. Ինչպե՞ս կարելի է կանխել այս ցեղասպանությունը։

Պատասխան. Երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն և կարողություն։ Միջազգային համապատասխան  կազմակերպությունները պատշաճ կերպով տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան դրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։

Մենք դիմում ենք ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք ժամանակ չվատնենք, քանզի , ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է։

Նմանատիպ նյութեր