211652_close_icon
views-count1129 դիտում article-date 17:37 04-09-2023

Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար. դատախազի նախաձեռնությամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է ներկայացրել․

Ա.Թ.-ն, լինելով Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:
 
Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ զորակոչիկ Ս.Մ.-ի հայրը՝ Հ.Մ.-ն, 2023 թվականի մարտին ծանոթացել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի մտերիմ Ռ.Ա.-ի հետ և վերջինիս խնդրել կազմակերպել որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը:
 
Քաղաքացի Ռ.Ա.-ն իր մտերիմ, Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի հետ համաձայնության է եկել 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ազատել Ս.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից (Ա.Թ.-ն խոստացել է 2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել իրեն օժանդակող Ռ.Ա.-ին):
 
Ռ.Ա.-ն 2023 թվականի մարտի 30-ին վերցրել է կաշառքի մի մասը՝ 2 հազար 500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա.Թ.-ին: Զորակոչիկի կողմից բժշկական հետազոտություններն անցնելուց հետո՝ Ռ.Ա.-ն ստացել է մնացած 7 հազար 500 ԱՄՆ դոլարը և Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետին փոխանցել ընդhանուր առմամբ՝ 7 հազար 400 ԱՄՆ դոլար:
 
Մեկ այլ դրվագով՝ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն, կրկին իր մտերիմ Ռ.Ա.-ի միջոցով, Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ վերջիններիս 2023 թվականի հերթական վարժական հավաքից ազատելու համար:
 
Բացի այդ, 2023 թվականի ապրիլի 17-ին, Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն զանգահարել է Արարատի մարզի բնակիչ Հ.Մ.-ին, հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու և ծանուցագիրը չուղարկելու համար՝ որպես կաշառք, առաջարկել է Հ.Մ.-ին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողների համար հյուրասիրություն կազմակերպել: Հ.Մ.-ն ընդունել է առաջարկը և հյուրասիրություն կազմակերպել հինգ անձի համար՝ յուրաքանչյուրի համար վճարելով 15 հազար դրամ:
 
Հաշվի առնելով, որ Ա.Թ.-ի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ՝ հսկող դատախազի նախաձեռնությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալը) (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար):
 
Մանրամասները՝ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում։

 

Նմանատիպ նյութեր