211652_close_icon
views-count1045 դիտում article-date 22:34 01-09-2023

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Օգոստոսի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը ՀՀ դեսպան Հր․ Փոլադյանը ղպտի հոգևոր առաջնորդին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և ընդգծել միջազգային հանրության կողմից անհապաղ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը և ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը և իրավունքները։
 
Պապ Թավադրոս Երկրորդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բացել Հարավային Կովկասի Լաչինի միջանցքը՝ բնակչության անվտանգության ապահովման և նրանց սովից փրկելու նպատակով՝ ընդգծելով, որ այս կենսական միջանցքը փակվել է դեռևս 2022թ․ դեկտեմբերից։
 
«Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև խաղաղություն կհաստատվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերը՝ մասնակցելու Հայաստանում ս․թ․ հոկտեմբերին կայանալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։

Նմանատիպ նյութեր