211652_close_icon
views-count58040 դիտում article-date 19:44 29-08-2023

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Ծաղկաձորում՝ նոր կառուցվող շենքի բակում, հայտնաբերվել է տղամարդու դի. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի 10 հասցեում գտնվող կիսակառույց շենք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արման Հակոբյանն ու պարեկ Ալա Պետոյանը սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեն դատական բժիշկները:

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մոնիկա Օհանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Եղազար. Ջ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների նշված կիսակառույց շինությունում աշխատում էր որպես բանվոր և 4-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել: 

Դեպքի փաստով Մ. Օհանյանի կողմից սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր