211652_close_icon
views-count841 դիտում article-date 17:10 22-08-2023

Անընդունելի է կեղծ համախմբման կոչերի քողի տակ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը. Դավիթ Իշխանյան

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախում ստեղծված ներքաղաքական լարվածության առնչությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Լինելով Արցախի Հանրապետության  քաղաքացի եւ  Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ ուժային կառույցների՝ որպես  պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար:

Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ  հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:

Ես Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական  ուժերի համախոհության արդյունքում: Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու  պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտները:

Բոլոր այն քայլերը, որոնք միտված են  սեպ խրելու եւ ընդհանրապես  պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես  թշնամանք են ստեղծում  երկրի ներսում եւ ջուր լցնում թշնամու ջրաղացին:

Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային եւ իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարեւորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը:

Որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած երկրորդ դեմք՝ ինչպես ժամանակին մարտի դաշտում անմասն չեմ մնացել պետականության ստեղծման գործընթացին, հավատարիմ եւ հաստատակամ մնալով մեր նահատակների որդեգրած նպատակներին, գիտակցելով ներքին համերաշխության կարեւորությունը, պատրաստ եմ իմ բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու եւ այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:

Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզված եմ, որ ԱՀ  Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների,  այլեւ  հանրության խնդիրները ներկայացնող եւ լուծումներ առաջադրող հարթակ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը  պատրաստ է հյուրընկալել  հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի եւ պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը եւ այն ներկայացնելու  թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին:

Համոզված եղեք, որ այս ծանր կացությունից դուրս կգանք մեր հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»:

Նմանատիպ նյութեր