211652_close_icon
views-count1009 դիտում article-date 12:54 12-08-2023

Պահանջում ենք հիմնական դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ:

Մասնավորապես՝
 
• Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը:
 
• Ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:
 
• Ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իմ վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ:
 
• Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ:

Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ:
 
Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար»։

Նմանատիպ նյութեր