211652_close_icon
views-count25409 դիտում article-date 11:35 24-07-2023

Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում․ կասկածյալները Բելառուսի քաղաքացիներ են, ովքեր ներկայացել են որպես աղջիկ և ՌԴ քաղաքացուց հափշտակել խոշոր չափի գումար՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 20-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը ծեծելով՝ ներկայացել են որպես աղջիկներ, ապա մտել նշված բնակարան և հարվածներ են հասցրել այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացի 20-ամյա Ռ․ Կորտեսին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Խորեն Բարխոյանը և Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ-վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Արդեն տեղում Ռ․ Կորտեսը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 դիմակավոր անձ ներս են մտել իր տուն, հարվածել իրեն, ապա փակել սենյակում և այնտեղից հափշտակել իրեն պատկանող iPhone 14 Pro Max բջջային հեռախոսը, 700 հազար դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ նշված ավազակային հարձակումը կատարել են Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Իլյա Լ․-ն և 22-ամյա Նիկիտա Բ․-ն։ 

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր