211652_close_icon
views-count883 դիտում article-date 18:39 19-07-2023

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-ին

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սեւանա լճի լողափնյա տարածքում 2023 թվականի օգոստոսի 19-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաեւ մրցաշարին մասնակցելու հետեւանքով առաջացող ռիսկերի գնահատման եւ ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչեւ 2023 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected]

Հայտը ներկայացնող անձը ՀՀ լողի ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 եւ բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական եւ մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք եւ տղամարդիկ (1983-2005 թթ.)

2-րդ տարիքային խումբ՝ 41 եւ բարձր տարիքի կանայք եւ տղամարդիկ (1982 թ. ծնված)

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
 

Նմանատիպ նյութեր