211652_close_icon
views-count895 դիտում article-date 20:23 03-07-2023

Հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց. Մխիթար Պապոյան

ՀՀ դատավորների միությունը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի կողմից գրություն է ստացել՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության առնչությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրաժարվում է արձագանքս հանրայնացնել՝ հետեւապես դիմում եմ Դատավորների միությանը։

Այսօր տարբեր լրատվական կայքերում տարածված՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության կապակցությամբ հայտնում եմ, որ մամուլում հիշատակված 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 2-ի 3-րդ մասի 11-րդ կետի վերաբերյալ դեռեւս 2023 թվականի փետրվարի 20-ին գրությամբ դիմել եմ ԲԴԽ աշխատակազմ՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին եւ առաջարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի մասով նախաձեռնել փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում առկա է 9 դատական կազմ եւ դատարանի նախագահը ներգրավված է դատական կազմում։ Կից ներկայացվում է այդ գրության պատճենը։

Հանրությանն ավելի մատչելի ներկայացնելու հրամայականից ելնելով՝ մանրամասն ներկայացնում եմ առկա իրավիճակը։

Մինչեւ 2023 թվականի հունիսի 15-ը ՀՀ-ում գործում էր 3 վերաքննիչ դատարաններ՝ Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական եւ Վերաքննիչ վարչական։ Վերաքննիչ քաղաքացիական եւ վարչական դատարանների նախագահներն ընդգրկված չեն եղել եւ առ այսօր ընդգրկված չեն որեւէ կայուն դատական կազմում, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ընդգրկված է դատական կազմում, այսինքն՝ այդ կազմում ինձ են մակագրվում դատական գործեր թե՛ որպես նախագահող դատավոր, թե՛ որպես կազմի դատավոր։ Հետեւապես, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը չի կարող ընդգրկվել բոլոր չհամալրված կազմերում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Վերաքննիչ քրեական դատարանում ամիսներ շարունակ, նույնիսկ այս պահին առկա են դատավորի թափուր հաստիքներ։

Ավելին՝ նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում մոտ 130 դեպքերով տարբեր կազմեր համալրվել են 15 դատավորներով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը։ Ստացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը միայն 3 ամսում ներգրավվելու էր նշված քանակի գործերով, ինչի մեկնաբանությունը ներկայացնում եմ հանրության դատին։

Ընկալելով Դատական դեպարտամենտի կողմից միայն այժմ արվող հայտարարության տրամաբանությունը եւ դրան հաջորդող քայլերը՝ հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց։

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մ․Պապոյան»,- ասվում է գրության մեջ:

Կից ներկայացվում է նաեւ գրության պատճենը:

Նմանատիպ նյութեր