211652_close_icon
views-count781 դիտում article-date 16:57 23-06-2023

Արցախի հայությունը տոտալ շրջափակման մեջ է և մեկուսացված է համայն աշխարհից. ԳԱԱ աշխատակիցների բաց նամակը

Արցախի հայությունը տոտալ շրջափակման մեջ է եւ մեկուսացված է համայն աշխարհից: Այս մասին բաց նամակ են հրապարակել ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների աշխատակիցները, որը ներկայացնում ենք ստորև.

«1988թ., երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բարձրագույն օրենսդիր մարմինը՝ մարզային խորհուրդը, ինքնորոշվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը միանալու օգտին, նպատակը մեկն էր՝ Արցախի բնակչության՝ իր պատմական հայրենիքում իր ազգային ինքնության պահպանությամբ ազատ ապրելը և արարելը: Խորհրդային Ադրբեջանի ենթակայությամբ Արցախի հայ բնակչության արարման հնարավորությունները խիստ սահմանափակված և վերահսկելի էին խորհրդային քաղաքական բռնաճնշումների մեթոդների բազմաթիվ ձևերով:  Խորհրդային Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում հայկական անկլավի բնակչությունն արտագաղթում էր, և անկլավը լցվում էր էթնիկ ադրբեջանցիներով: Չնայած Հայաստանին միանալու Արցախի բնակչության ցանկությունը պատժվում էր, անցյալ հարյուրամյակում այդ ցանկությունն արտահայտվել է բազմիցս ԽՍՀՄ իշխանություններին դիմումներով, կոլեկտիվ նամակներով և այլն: ԽՍՀՄ վերակառուցման քաղաքական որոշումը նոր հույսեր տվեց: 1988թ. Արցախի հայերն իրենց երազանքը ձևակերպեցին ինքնորոշման սահմանադրական իրավունքով: Հայերի սահմանադրական իրավունքին Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հակադրեցին վախեցնելու փորձված մեթոդը՝  Ադրբեջանի էթնիկ հայերի ջարդերը և դեպորտացիան: Վերակառուցվող ԽՍՀՄ-ը չհասցրեց ըմբռնել համամարդկային հումանիտար զարգացումներին ինտեգրվելու բարդ քննության այբուբենը: Ադրբեջանի իշխանությունների արագընթաց նախաձեռնությունները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հակադարձություն չստացան: 1991թ. վերջին, ԽՍՀՄ-ի կազմալուծման շրջանում, Արցախի հայությունը դեմ դիմաց մնաց Ադրբեջանի բազմաշերտ, գլխավորապես շովինիստական ռազմական կազմավորումների առաջ:

1992-1993թթ. ծանր շրջափակման մեջ հայտնված Արցախի հայերը գերագույն ջանքերով կարողացան համախմբվել և դիմադրել Ադրբեջանը փաստացի կառավարող ռազմական խմբավորումներին:

Անցած 30 տարիների ընթացքում՝ մինչև 2020թ. սեպտեմբեր, Արցախի հայությունը, անցնելով ջարդերի, շրջափակումների, կռիվների բազում փորձություններով, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ստեղծեց իր ինքնավարությունը՝ ժամանակակից ժողովրդավարական մոդելի իր անկախ ժողովրդավարական հանրապետությունը, վերակառուցեց ավերված բնակավայրերը, կառուցեց ճանապարհներ, տնտեսություն, կրթական և սոցիալական ծառայություններ,  դատաիրավական համակարգ:

2020թ. սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության գլխին պայթեց նոր պատերազմ, որն ավարտվեց արտաքին օժանդակությունից օգտվող Ադրբեջանի հաղթանակով:

Ձեռնպահ մնալով պատերազմի մասին քաղաքական գնահատականներից՝ չենք կարող լռել դրա դադարի այսպես կոչված հետևանքների մասին: Այդ պատերազմի ավարտի հետևանքները և մինչև այսօր տևող դադարը չափազանց ագրեսիվ և վտանգավոր են ինչպես Արցախի հայկական իշխանությունների վարչական կառավարման տակ գտնվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանամերձ տարածքների բնակչության համար: 

Արցախը կրկին հայտնվել է ադրբեջանական բանակի տոտալ շրջափակման մեջ: Արցախի հայ բնակչությանը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ճանապարհը փակ է 2022թ. դեկտեմբերի 12-ից: Վերջին շաբաթը՝ նույնիսկ Կարմիր խաչի համար: Արցախ ոչինչ չի մտնում՝ ոչ սնունդ, ոչ դեղորայք, անջատված է գազի մատակարարումը, շուտով կսպառվի նաև ջրամատակարարումը:

Այսօր Արցախի հայ բնակչությունը դիմում է աշխարհին՝ հայտարարելով. «Մենք՝ Արցախի բնիկ ժողովուրդը, իրավունք ունենք մեր հողի վրա ապրելու»: Ոչ ոք նրանց իրավունքը չի վիճարկում: Պարզապես Ադրբեջանն այդ իրավունքի իրացման հնարավորությունը չի տալիս․ «Ապրեք, որքան կարող եք, առանց սննդի, առանց ջրի, առանց ջեռուցման, առանց անտառի փայտի, առանց աշխարհի հետ կապի: Ապրելու ձեր իրավունքը սա՛ է»:

Մենք՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցներս,  դիմում ենք աշխարհի մեր գործընկերներին՝ նկատելու, տեսնելու և ուշադրություն դարձնելու այս  հումանիտար աղետին: Առկա լռությունը հավասարազոր է Արցախի հայ բնակչության ապրելու ա՛յս «իրավունքի» Ադրբեջանի իշխանությունների գործողություններին հավանություն տալուն»:

Նմանատիպ նյութեր