211652_close_icon
views-count69576 դիտում article-date 21:37 18-06-2023

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Քուչակ գյուղում բախվել են Toyota Alphard-ն ու Lada 2115-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի սկզբնամասում, բախվել են Toyota Alphard և Lada 2115 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Փրկարարները վիրավոր կնոջը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ապարանի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո մահացածի մարմինը դուրս են բերել Lada-ի միջից: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը: Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում պարեկներ Կարեն Թերզյանն ու Արթուր Սահակյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունը, Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր