211652_close_icon
views-count667 դիտում article-date 17:51 07-06-2023

Ալեն Սիմոնյանն ու Ալիշա Քերնսը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին: Տեղեկացնում է ԱԺ-ն։

Հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մասնավորապես, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ ուղիղ հաղորդակցություն սկսելու հնարավորության մասին:

Հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը:

Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության մասին՝ բրիտանացի գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար եւ այլ խնդիրների մասին: Անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային:

Ալիշա Քերնսը տեղեկացրել է Միացյալ Նահանգներ կատարելիք իր մոտալուտ այցի մասին՝ նշելով, որ այնտեղ իր պաշտոնական հանդիպումների ընթացքում պատրաստ է քննարկել անվտանգության վերոնշյալ հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 3-օրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր