211652_close_icon
views-count61153 դիտում article-date 14:46 26-05-2023

Մինչ որոշ ծնողներ իրենց անմիտ քայլերով վտանգում են իրենց երեխաների կյանքը, Երևանի գնդի պարեկները 3 տասնյակից ավելի երեխաների կյանքեր փրկեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հանրապետությունում նշվում է Վերջին զանգը, ինչի առիթով էլ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ հանրապետությունում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները անցել են ուժեղացված ծառայության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06։00-ից մայրաքաղաքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ողջ մայրաքաղաքը վերցրել են իրենց հսկողության տակ, որպեսզի որոշ վայ ծնողների անպատասխանատու քայլերի արդյունքում կանխեն մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարները։ 

Ոստիկանությունը, Պարեկային ծառայությունն ու Ճանապարհային ոստիկանությունը մի քանի օր է հորդորում են ծնողներին, որպեսզի իրենց շրջանավարտ երեխաներին չվստահեն ղեկը։ Եթե բազմաթիվ ծնողներ առանց այդ կոչի էլ նման ձևով են վարվել, ապա, ցավոք՝ հասարակությունում կան այնպիսի ծնողներ, ովքեր, գուցե, առաջնորդվում են «ա դե մի անգամ ա վերջին զանգ նշելու բալես, թող իրա սրտով լինի» մոտեցմամբ ու երեխաներին են տրամադրում ավտոմեքենաներ, այդ թվում՝ ամենագնացներ։

Արդեն մի քանի ժամվա ընթացքում մայրաքաղաքում Երևանի գնդի պարեկները՝ Ա․ Իսախանյանի, Ա Խաչատրյանի, Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և գումարտակների հրամանատարների գլխավորությամբ, մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերել են 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնք վարել են եղել անչափահասներ։ Նման երեխաների ծնողներին կարելի է  ասել, որ ձեր անմիտ, ոչ ճիշտ քայլերի պատճառով հնարավոր էր՝ ձեր երեխան փորձանքի գար, ինչը, բնականաբար՝ մենք չենք ցանկանում, բայց այդ երեխաները փրկվել են Երևանի գնդի պարեկների աշխատանքի արդյունքում։

Բոլոր ավտոմեքենաները, որոնց մեծ մասը «յաշիկներ» են, պարեկները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ Վերջին զանգի հետ կապված ուժեղացված ծառայությունը հանրապետությունում շարունակվում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր