211652_close_icon
views-count916 դիտում article-date 19:35 25-05-2023

ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը

ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

«Սակայն, քանի որ մենք որևէ թեկնածու չունենք, որը ձայն է ստացել, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել՝ ըստ կանոնակարգի: Եվ հարցը ԲԴԽ-ի դաշտում է, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին»,-հայտարարեց Հակոբ Արշակյանը:

 

Նմանատիպ նյութեր