211652_close_icon
views-count568 դիտում article-date 13:43 05-05-2023

Չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում․ Ալեն Սիմոնյան

Հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Այս մասին Թուրքիայում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը հաջորդած Թուրքիայի արձագանքի ու ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։ Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, և այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ ականատես եք», - նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հարկավոր է հասկանալ, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ ու առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու համար։

«Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար։ Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Ես տեսել եմ մի քանի կտոր ԱԳ նախարարի հարցազրույցից և պետք է ասեմ, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորելու իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, եթե կա հարաբերություններ հաստատելու որոշում, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց այնուամենայնիվ շարժվենք առաջ։ Հույս ունեմ՝ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան, և մենք կօգտգործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար», - հավելել է նա։

Նմանատիպ նյութեր