211652_close_icon
views-count955 դիտում article-date 22:03 02-05-2023

«Ձեր ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի երախտավորներին

Պարի միջազգային օրվա շրջանակում պարարվեստի մի շարք երախտավորներ ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվել են ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով և պատվորգրերով:

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պարարվեստի երախտավորներին մասնագիտական տոնի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ և նշել. «Ոլորտում հսկայական աշխատանք է արվում, և յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործվի այդ աշխատանքը գնահատելու համար»: Նախարարն ընդգծել է՝ շատ կարևոր է ոգևորել մարդկանց, քանի որ նոր վերելքներն ու հաջողությունները ծնվում են ոգևորությունից և ըստ արժանվույն գնահատվելուց:

«Ձեր գործի ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է։ Պետության վերաբերմունքը ևս կարևոր է՝ ընդգծելու կատարվող գնահատելի աշխատանքը և ձեր ջանքն ու ներդրումը ոլորտի զարգացման մեջ: Վստահ եմ՝ միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է պարի դերին հատկապես երեխաների կյանքում, քանի որ այն մանուկ հասակից կրթում է թե՛ մարմինը, թե՛ հոգին: Նա կոչ է արել հանդես գալ տարաբնույթ ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնք կմեծացնեն երեխաների սերն ու հետաքրքրությունը պարի հանդեպ: Նախարար Ժաննա Անդրեասյանը պարարվեստի ներկայացուցիչներին մաղթել է նորանոր ստեղծագործական նվաճումներ, որոնք կընդլայնեն պարարվեստի սահմանները և այն ավելի ընկալելի կդարձնեն:

Ներկաներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընդգծելով. «Պարը ամենախորհրդավոր, ամենագեղեցիկ, ամենաանմեկնելի արվեստն է բոլոր արվեստների մեջ»:

Նշենք, որ Պարի միջազգային օրը նշվում է ապրիլի 29-ին:

Նմանատիպ նյութեր