211652_close_icon

Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, չեն լինի այն նեգատիվ զարգացումները, որոնք կլինեն չստորագրելու դեպքում․ Նիկոլ Փաշինյան

views-count805 դիտում article-date 14:24 20-04-2023
Տեղում  սահմանագծի 11 կմ-ից 5 կմ-ը մենք համարում ենք պրոբլեմատիկ, այսօրվա դրությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է 1․4 կմ-ով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, և՛ մենք, և՛ ադրբեջանական կողմը այդ կետի վերաբերյալ ունենք  ընդհանուր կարծիք։ Նշանակում է՝ հայ սահմանապահները այդ սահմանից տեղակայվում են որոշակի հեռավորության վրա, նույնը նաև ադրբեջանցի սահմանապահները։ Մենք հույս ունենք, որ մնացած 3․6 կմ հատվածն էլ կճգրտվի և թեման կամփոփվի։ Մյուս կողմից էլ մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել»,- ասաց նա։

Խոսելով խաղաղության դարաշրջանի մասին՝ Փաշինյանն ասաց․

«Ես հավատում եմ խաղաղության օրակարգին և բանակցային գործընթացում մեզ համար կարևոր է, որ երաշխիքների համակարգը պայմանագրում նախատեսված լինի։ Իսկ այն, որ ընդհանրապես երաշխիք չկա, դա այս պահի միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել՝ ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա, այդ թվում՝ սեփական անվտանգության հետ կապված»։

Հարցին՝ այդ պարագայում ինչու ենք ստորագրում խաղաղության պայմանագիրը, եթե չկան կայուն միջազգային երաշխիքներ, Փաշինյանը պատախանեց․

«Նախ՝ դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք, ես հույս ունեմ և դեռ պատրաստ եմ ստորագրել։ Եթե ստորագրենք, ապա ստորագրում ենք նրա համար, որ առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում, իսկ ստորագրման պարագայում, առնվազն  հավանականությունը ակնհայտորեն մեծանում է, որ այդպես չի լինի, այսինքն՝ նեգատիվ զարգացումները չեն լինի այնպես, ինչպես կլինեին չստորագրելու դեպքում»։

Փաշինյանը նշեց, որ պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է ու նաև դրանով է պայմանավորված Ալիևի սադրիչ հայտարարությունները։

«Սադրիչ հայտարարությունների նպատակն այն է, որ ՀՀ-ն տրվի այդ սադրանքին  և տեղավորվի այն պլանի մեջ, որը Ադրբեջանն իր մտքում ունի»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր