211652_close_icon
views-count1141 դիտում article-date 17:59 19-04-2023

Ես Փաշինյանին խորհուրդ էի տալու՝ Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները՝ փաստաթղթի ստորագրման դեպքում. Օսկանյան

Եթե 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար ինձ հետ հանդիպելու, ես իրեն հետեւյալ խորհուրդն էի տալու՝ պարոն վարչապետ, դուք ունեք շատ մեծ լեգիտիմությունը, սեղանի վրա կ նման փաստաթուղթ, մի արհամարհեք, ձեր զրոյական կետից մի սկսեք, դա իր մեջ վտանգներ է պարունակում: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։

«Ես գիտեմ՝ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, ես գիտեմ՝ Ադրբեջանի համար որն է ընդունելի, եւ ես իրեն խորհուրդ էի տալու, որ ինքը գնա երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել 5 տարածքները փաստաթղթի ստորագրման դեպքում, եւ բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարի եւ Լաչինի ոչ կորիդորային մասը վերադարձվի 3-5 տարվա ընթացքում: Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատեւելու իր հարեւանի հետ: Բոլոր երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահի ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, ուժի մեջ պետք է մտնեին:

Եթե Նիկոլ Փաշինյանը այդ օրերին գնար այդ ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ-անոց միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ: Ես սրանում համոզված եմ:

Ես պատրաստ էի իրեն օգնելու, ասելու՝ պարոն վարչապետ, ես պատրաստ եմ որպես գլխավոր բանակցող այդ փաստաթղթի, ձեր կողքը կանգնելու, ձեզ հետ պատասխանատվություն վերցնելու: Ես համոզված եմ, որ երեք նախագահների համար էլ դա ընդունելի կլիներ: Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ այդ ճանապարհով ասելով՝ այո, տալիս ենք այդ տարածքները, բայց բերում ենք իսկական խաղաղություն»,-ասաց Օսկանյանը:

Նա նաև նշեց, որ պատերազմի օրերին 1,5 էջանոց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին միջնորդով եւ գիտի, որ դա դրվել է իր սեղանին. «Ես այնտեղ առաջարկություններ եմ արել: Պատերազմից հետո ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, նոր ստեղծված իրավիճակում գրավոր առաջարկներ եմ արել: Ինքը նայել է, ասել է՝ շնորհակալություն, խոսել ենք դրա մասին մի քիչ»,-ասաց Օսկանյանը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ առաջարկներ է արե արդեն պատերազմից հետո:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանը «մադրիդյան փաստաթղթով» ավելի շիլաշփոթ է ստեղծել, նաեւ կոչ էր արել Օսկանյանին հրապարակային ասել, թե ինչ խորհուրդ էր պատրաստվում տալ իրեն, եթե պատերազմից առաջ  հնարավորություն ունենար հանդիպելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր