211652_close_icon
views-count1429 դիտում article-date 14:43 11-04-2023

«Գլխավոր դատախազը կառավարության շենքում ինձ ասաց՝ դե հրաժարական տուր, պրծի էլի»․ Ռուբեն Վարդազարյան. «Առավոտ»

ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների վերաբերյալ 2022 թվականի զեկույցում որպես դատական իշխանության վրա ճնշման օրինակ հիշատակվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ այդ պաշտոնում նրան հաջորդած ու հրաժարական տված՝ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկոտ ձայնագրությունը։

Անդրադառնալով այս փաստին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ասաց․ «Շատ ցավալի է, որ նման եզրահանգում կա տարեկան զեկույցում։ Շատ կուզեի, որ ոչ միայն իմ, այլեւ ՀՀ-ի մասին նման պնդումներ չլինեին, բայց այդ փաստերն արձանագրվել են»։ Գրում է «Առավոտը»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին տեղի ունեցած խոսակցության ժամանակ, ինչպես Ռուբեն Վարդազարյանն է հայտարարել, Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել է հրաժարական տալ, այլապես իրեն մեղադրանքներ են ներկայացվելու։ Այդ ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը նաեւ փաստում էր, որ «իր վզին դրել» են։

Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի հետքերով քրեական վարույթ էր հարուցվել քննչական կոմիտեում, հետո այն փոխանցվել էր հակակոռուպցիոն կոմիտեին, եւ վերջերս պարզվել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն հարուցված վարույթը կարճել է։ Այս առիթով էլ Ռուբեն Վարդազարյանն ասաց․ «Նախ, գլխավոր դատախազը նյութերն ուղարկել էր քննչական կոմիտե, եւ ես ցուցմունք տվեցի։ Տուժող չճանաչվեցի։ Գործի վարույթը կարճվեց։ Առերեսում չի եղել։ Քննիչը որոշել էր, որ հանցակազմ չկա։ Ընդ որում, իմ տված ցուցմունքի մի մասը կարող եմ հրապարակել, քանի որ իմն է։ Իրավունք ունեմ, այն նախաքննական գաղտնիք չէ։ Ասել եմ, որ ինձ ՀՀ գլխավոր դատախազը կառավարության շենքում հակակոռուպցիոն խորհրդի նիստի ընդմիջման ժամանակ ասաց՝ «դե հրաժարական տուր պրծի էլի, արա ինչ-որ ուզում են, քո գլուխն էլ կազատես, մերն էլ հետը»․․․այդ ցուցմունքի վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չհարցաքննվեց։ Մեր միջեւ առերեսում տեղի չունեցավ․․․Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Նման «բեսպրեդել» ՀՀ-ում չի եղել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր