211652_close_icon
views-count33309 դիտում article-date 20:46 02-04-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ 35-ամյա վարորդը Toyota-ով Իսակովի պողոտայում՝ ռուս ուղղափառ եկեղեցու մոտ, բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00:15-ի սահմաններում՝ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Դավիթ Մ.-ն, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում՝ էստակադայի վրա, ռուս ուղղափառ եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդ Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Ալլա Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր