211652_close_icon
views-count78845 դիտում article-date 12:09 26-03-2023

Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում․ կնոջը մարդասիրական քայլով օգնության հասան Նոր Նորքի ոստիկանները, Երևանի պարեկները, շտապօգնության բժիշկներն ու «Նորքի տուն-ինտերնատի» ծառայողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Յուրա Շահվերդյանը, նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանն ու նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանն ու Իլյա Սարգսյանը, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժշկուհիները և վարորդը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմը հերթական անգամ ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա։

Վերջիններս մի քանի ժամ շարունակ կատարելով համագործակցված աշխատանք, կարողացան օգնության ձեռք մեկնել 3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոցից դուրս գրված տարեց կնոջը՝ 63-ամյա Աննա Եսոյանին, և նրա ժամանակավոր կացարանի հարցը կարգավորեցին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնի բժիշկների կողմից մարդասիրական քայլի արժանացած տարեց կինը վիրահատվել էր, ինչի արդյունքում նրա 2 ոտքերը, որոնք ցրտահարվել էին, անդամահատվել են։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում, 2 օր փողոցում հայտնված, անդամահատված, անօգնական վիճակում գտնվող կինն ասում էր․ «Որոշ ժամանակ առաջ ոտքերս ցրտահարվել էր։ Ինձ տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Շատ գոհ եմ այնտեղի գրեթե բոլոր բժիշկների վերաբերմունքից։ Նրանք ինձ ոչ միայն անվճար վիրահատեցին, այլ նաև փրկեցին իմ կյանքը։ Բայց դե՝ արդեն լավացել էի։ Ու շտապօգնության ավտոմեքենան ինձ բերեց էստեղ, իջեցրեցին, նստեցրին դրսում եղած աթոռի վրա ու գնացին։ 2 օր է՝ գիշերում եմ փողոցում։ Չնայած 10 տարուց ավելի մնացել եմ այս կիսակառույց շենքում։ Հիմա ինչ-որ մեկը ինձ դուրս է արել այդտեղից ու դուռը կողպել վրաս։ Եվ թույլ չի տալիս, որպեսզի ապրեմ։ Այս վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից էլ եմ շատ գոհ։ Նրանք այս 2 օրը ինձ սնունդ են բերում։ Սակայն ուզում եմ՝ կա՛մ օգնեն, որ էլի մնամ այս կիսակառույցում, կա՛մ ինձ տեղափոխեն խնամքի կենտրոն։ Բայց դրա համար էլ ինձ ասում են՝ տեղեկանքներ բեր, թղթեր բեր։ Այն դեպքում՝ երբ ես անգամ անվասայլակ չունեմ»։ 

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ երեկ անօգնական տիկնոջը անհրաժեշտ սնունդով օգնել են Երևանի գնդի պարեկները, «Նորքի տուն-ինտերնատի» անձնակազմը։ Վերջիններս կարող էին, ըստ օրենքի՝ չընդունեին նրան իրենց մոտ, քանի որ նա համարվում է Վարդաշենում հայտնի «Ծերերի խնամքի կենտրոնի» շահառու։ Սակայն նրանք անօգնական ու հաշմանդամ կնոջը չթողեցին բախտի քմահաճույքին։

Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան 14/3 շենքի ու դրան հարակից շենքերի բնակիչները, որի բակից կնոջը տեղափոխեցին «Նորքի տուն- ինտերնատ», ասում էին․ «Հիմա ոնց չասես, որ հալալ ա Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետին, թաղայինների պետին,  ավագ թաղայինին, Երևանի պարեկներին, 5-րդ ենթակայանի շտապօգնության բժիշկներին, Նորքի տուն-ինտերնատի անձնակազմին, Սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին, ովքեր մի քանի ժամ շարունակ՝ մինչև գիշերվա ժամը 1-ը ոչ միայն հոգ տարան հաշվանդամ կնոջը, այլև գոնե ժամանակավորապես լուծեցին նրա կացարանի խնդիրը։ Այնպես որ՝ մեր թաղամասի բնակիչներով այդ ամենը տեսանք մեր աչքերով։ Կրկին անգամ՝ հալալ ա բոլոր նրանց, ովքեր խնդիրը լուծեցին»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր