211652_close_icon
views-count1330 դիտում article-date 14:21 23-03-2023

Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան

Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից նան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սարգսյանին:

Ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ծնողներին, հարազատներին, միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական  մակարդակով վարվող, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ  ակտ է:

Իսկ ընդհանուր առմամբ, այս խոսույթը  եւս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները եւ այս շարունակական, Հայաստանի գոյության իրավունքը  կասկածի տակ դնող  քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման  պատճառը»,-ասաց նա:

Փաշինյանը հվելեց, որ Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ  Հայաստանի, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է եւ ՀՀ-ում իբր ազգային փոքրամասնություններ չկան. «Նախ նման ձեւակերպումները ՀՀ ներքին գործերին կոպիտ միջամտություն է, եւ Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլեւ նրան մանդատներ ունեն ՀՀ  ԱԺ-ում եւ դա երաշխավորված է Սահմանադրությամբ:

Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ընդդիմության, այլեւ ազգային փոքրամասնությունների  ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ: Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող  լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին նյութերով հեղեղված է միջազգային մամուլը:

Ընդ որում շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները: Ադրբեջանը գուցե բարի կամք  դրսեւորի եւ Միլի Մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար եւ դա երաշխավորի Սահմանադրությամբ»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր