211652_close_icon
views-count1414 դիտում article-date 15:59 17-03-2023

Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության բնակչության առջև 2020թ-ի պատերազմի ընթացքում, դրանից հետո և արդեն հարյուր օր տևող շրջափակման պայմաններում  ծառացել է գոյապահպանական լուրջ մարտահրավեր, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը միտված է բացառապես Արցախը հայաթափելուն, այդ թվում՝ ցեղասպանություն կազմակերպելու և իրականացնելու միջոցով՝ մենք Տարոն Սիմոնյանի գլխավորած իրավաբանական թիմի հետ համատեղ մշակել ենք ծավալուն (ավելի քան 120 էջ) դիմում-վերլուծություն՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Վերլուծությունը մշակվել է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, միջազգային կոնվենցիաների, այլ նաև 2014թ-ին ՄԱԿ-ի կողմից հրապարակված “Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention” փաստաթղթի հիման վրա, որտեղ ներկայացված են Ընդհանուր 8 և Հատուկ 6 ռիսկային գործոններ։ Այս գործոններից մի քանիսի առկայությունն անգամ բավարար է ցեղասպանության վտանգը իրական համարվելու համար, ինչը պահանջում է անհրաժեշտ գործողություններ միջազգային հանրությունից՝ վերահաս ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով։

Վերլուծությունն իրավական և փաստական հիմնավորումներ է բերում բոլոր 14 գործոններով և դրանց ներքո ներկայացված ենթագործոններով՝ օգտվելով մինչ այս եղած ազգային և միջազգային կազմակերպությունների փաստահավաք եզրակացություններից և միջազգային իրավունքի կարգավորումներից։

Հատկանշական է, որ վերլուծության արդյունքում ապացուցվում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում: 

Այս դիմում-վերլուծություն մենք փոխանցում ենք Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ հույս ունենալով, որ այն կներկայացվի միջազգային կառույցներին և Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին»,- գրել է Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր