211652_close_icon
views-count1009 դիտում article-date 12:34 14-03-2023

Բադասյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ, եւ քննարկել դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Հայտնում է ՊԵԿ-ը։

Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա,  հարկեր/ՀՆԱ ցուցիչի դինամիկան և հարկային ու մաքսային բարեփոխումների ազդեցությունն այդ ցուցիչի վրա։ Անդրադարձ է կատարվել հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվող  քայլերին։

ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը և դրա համար անհրաժեշտ հարկային հսկողական գործիքակազմի ձևավորման խնդիրները։

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել հարկային հսկողության նպատակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության և ֆիզիկական անձանց մոտ ստուգումների և ուսումնասիրությունների անցկացման հնարավորության ապահովման հարցերի վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի ներդրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ԱՄՀ կողմից Կոմիտեին մատուցվող տեխնիկական աջակցության ծրագրերին։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հետագա  փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր