211652_close_icon
views-count1345 դիտում article-date 17:54 07-03-2023

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։
    
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Ալեքսանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:
    
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։ 
    
Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
    
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:
    
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն. 
    
«Շնորհավորում եմ Ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ առողջություն, ամուր կամք, անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախներ»։
    
Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրեցին հատուկ մարտավարական և ձեռնամարտի հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր՝ պայթուցիկ սարքի հայտնաբերում, փախուստի դիմած սահմանախախտի վնասազերծում և ձերբակալում։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր