211652_close_icon
views-count35140 դիտում article-date 22:40 06-03-2023

Շիրակի մարզում վրացական համարանիշներով «յաշիկի» վարորդը կրտսեր պարեկին գումար է առաջարկել, որպեսզի իրեն վարչական պատասխանատվության չենթարկի․ «յաշիկը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Շիրակի մարզում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի Պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկը ժամը 17։00-ի սահմաններում՝ ծառայության ժամանակ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 159 կմ հատվածում կանգնեցրել է Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան ու վարորդին հայտնել է, որ դիմապակու մգությունը պետք է ստուգվի հատուկ սարքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  ստուգումներից հետո պարզվել է, որ դիմապակու լուսաթափանցելիությունը կազմել է 71 տոկոս, ու կրտսեր պարեկը վարորդին հայտնել է, որ պետք է վարչական արձանագրություն կազմի։

Դրանից հետո վարորդը ներկայացրել է իր անվամբ վրացական անձնագիրը, ապա, ըստ պարեկի, անձնագրի միջից հանել է 5000 դրամ և առաջարկել է, որ այն պարեկը վերցնի՝ փոխարենը վարչական արձանագրություն չկազմի և իրեն ճանապարհի։

Կրտսեր պարեկը, սակայն, կաշառք տալու կասկածանքով ձերբակալել է «յաշիկի» վարորդին և տեղափոխել Ոստիկանության Աշոցքի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Վարազդատ Մ․-ն է։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր