211652_close_icon
views-count1081 դիտում article-date 10:46 06-03-2023

Իվանիշվիլին Վրաստանը հանձնում է Պուտինին․ Սաակաշվիլին՝ Bild-ին տված հարցազրույցում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը հայրենիքում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին: Սաակաշվիլին միանգամայն վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռորոշ դեր ունի իր քրեական հետապնդման մեջ։ 

Սաակաշվիլու խոսքով՝ ինքը համոզված է, որ իր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտվել է 2012 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եւ կորցրել իշխանությունը Ռուսաստանի լայնածավալ հատուկ գործողության արդյունքում: 

«Նրանք Իվանիշվիլուն (միլիարդատեր, այժմ իշխող  «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր) երկու միլիարդ դոլար են տվել նախընտրական քարոզչություն վարելու համար»,-ասել է նա՝ նկատի ունենալով, որ այդ նախընտրական արշավի ընթացքում վրացի միլիարդատերը կարողացել է շատ արագ վաճառել Ռուսաստանում իր բոլոր ակտիվները:  

«Իվանիշվիլին Վրաստանը հանձնում է Պուտինին եւ չի ցանկանում, որ ես վերադառնամ Ուկրաինա՝ Զելենսկուն օգնելու համար»,-ասել է Սաակաշվիլին՝ Զելենսկուն անվանելով «ժամանակակից Չերչիլ»։ 

Վրաստանի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել Սաակաշվիլու մեղադրանքներին։ Մոսկվայից նույնպես պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։  

Խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Սաակաշվիլին նշել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո նիհարել է 120-ից մինչեւ 67 կգ։ Բացի այդ, քաղաքական գործիչը պնդում է, որ իրեն բռնի կերպով Գլդանի բանտ տեղափոխելու ժամանակ ուղեղի վնասվածք է ստացել։ 

Նմանատիպ նյութեր