211652_close_icon
views-count1291 դիտում article-date 21:49 04-03-2023

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում, ԱԳՆ հայտարարություն, ԱՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում. հրապարակվել է ԱՀ կառավարության հերթական տեղեկագիրը

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Տեղեկագիրը ներկայացնում ենք ստորև.
 
«Արցախի ԱԳՆ-ն տարածել է մեկնաբանություն` Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ
 
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։
 
Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին, Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։
 
Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն։
 
Անվտանգության խորհուրդը տարածել է հայտարարություն՝ արցախյան և ադրբեջանական կողմերի՝ մարտի 1-ին կայացած հանդիպման վերաբերյալ
 
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որի նպատակն էր միայն հրատապ հումանիտար հարցերի քննարկումը։
 
Հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել, մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։ Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր:
 
Ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, ևս չի համապատասխանում իրականությանը:
 
Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. Արցախի նախագահն ընդունել է Պահեստազորի սպաների միության անդամներին
 
Արայիկ Հարությունյանը նշել է, որ արցախյան կողմի՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։ «Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը։
 
Նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը
 
«Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա: Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար և հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»,- գրել է Արայիկ Հարությունյանը իր Թվիթերի էջում:
 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 9 հիվանդ տեղափոխվել է Հայաստան
 
7 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
 
Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
 
Մարտի 3-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 144 հիվանդ:
 
Պետնախարարը հանդիպում է ունեցել Արցախի մի խումբ գործարարների հետ
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերը:

Շրջափակման պատճառով տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են
 
Արցախի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,023.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5,300.0 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ թերակատարվել է 24,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 18.6 տոկոսով:
 
Թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել»:
 
 
Տեղեկագիրը՝ տարբեր լեզուներով.
 
1. Հայերեն- https://mailchi.mp/00878e18bdd5/day83am
 
2. Русский- https://mailchi.mp/2123cb8f29b0/day83ru
 
3. English- https://mailchi.mp/7c3d97d3cf4e/day83en
 
4. French- https://mailchi.mp/f85aa8f2e6e8/day83fr

Նմանատիպ նյութեր