211652_close_icon
views-count1117 դիտում article-date 17:54 22-02-2023

«Թաթոյան» հիմնադրամը և Արցախի ՄԻՊ-ը ներկայացնում են ապացույցներ՝ հաստատող Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» թշնամանքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, նրանց ատելության իրական մոտիվացիան ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված լինելը, ինչպես նաև այն, որ նրանք երբևէ առնչություն չեն ունեցել շրջակա միջավայրի հարցերի հետ:

Զեկույցում շարադրված են հետևություններ, որոնք հիմնված են հենց այդ նույն զեկույցում տեղ գտած ապացույցների (լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ) վրա:

Մասնավորապես, համատեղ զեկույցի հիմնական հատվածները հետևյալն են․

1. Ճանապարհը փակելու առաջին օրերին այդ տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկան աշխատողներ, ինչպես նաև ադրբեջանական զինվորականներ և անվտանգության աշխատողներ: 

Պատահական չէ, որ սկզբում ծածանվել է նաև Թուրքիայի դրոշը, որը քիչ անց հեռացվել է, որպեսզի այդ փաստը չհրապարակվի (համապատասխան տեսանյութի վրա հղումն արված է զեկույցում): Դրանից հետ, Ադրբեջանի իշխանությունները բերել են մարդկանց, որոնք պաշտոնապես ներկայացվել են՝ որպես հասարակական ու լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն իրականում նրանք նույնպես ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից, պետության ստեղծած հիմնադրամներից, իսկ առանձին դեպքերում ՀԿ-ները գործունեություն են ծավալում արտասահմանյան ֆինանսավորմամբ: 

Առկա են նաև պետության վերահսկողության ներքո գտնվող լրատվական կազմակերպություններ: Նախկինում արդեն իսկ հրապարակվել էին որոշակի տվյալներ 

2.Ադրբեջաներենով մանրամասն ուսումնասիրության առարկա են դարձել այս ամիսների ընթացքում «էկոակտիվիստների» կենսագրությունները և պարզվել է, որ նրանք երբևէ կապ չեն ունեցել շրջակա միջավայրի խնդիրների հետ և որ իրականում նրանք, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ, հետապնդում են քաղաքական նպատակներ (ադրբեջանական անցակետերի հիմնում և այլն): 

3.Սոցիալական մեդիայում «էկոակտիվիստների» էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք հայերի նկատմամբ քարոզում են ատելություն, թնշամանք, բռնություն, նրանց շարքերում կան «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության համախոհներ ու գաղափարների տարածողներ: Նրանցից որոշները նախկին զինվորականներ են:

Այս մարդիկ իրենց էջերում հրապարակել են սպանված ու խոշտանգված հայ զինծառայողների մարմինների նկարներ՝ այդ կերպ ցույց տալով իրենց հրճվանքն ու ոգևորությունը։

Առկա են անգամ նկարներ, որտեղ ադրբեջանական զինծառայող է հայի գլուխ ձեռքին՝ գլխատելուց հետո:

4. Զեկույցը նաև հիմնավորում է, որ առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության այս գործակալ անձինք չէին կարող հայտնվել Արցախում և առավել ևս փորձեին ճանապարհ փակել:

5.Զեկույցում առկա են անգամ օտարերկրացիների վկայություններ, որոնց ադրբեջանական իշխանությունները, որպես տուրսիտ, տարել են 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այդ մարդիկ, սակայն, հայտնվելով ճանապարհը փակած հատվածում՝ ևս ընդգծում են, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» ակցիան իրականում կապ չունի բնապահպանական հարցերի հետ: 

Ըստ նրանց՝ բնապահպանական հարցերն այստեղ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք են: Ավելին, օտարեկրացի տուրիստներն են անգամ խոսում ադրբեջանական կառավարության վերահսկողության ներքո գտնվող մեդիայի կամ լրատվամիջոցների մասին (ապացույցները տեղադրված են զեկույցում)։

Այս համատեղ զեկույցի կազմման ողջ ընթացքում վերլուծված ապացույցների, այդ ապացույցների ստուգման, նոր փաստերի ձեռքբերման հարցում կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը (Գուրգեն Ներսիսյան):

Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը:

Փաստերի ձեռքբերման ու վերլուծության հարցերում կարևոր աջակցություն է ցուցաբերել միջազգային հետաքննող լրագրող Լինդսի Սնելը: 

Զեկույցը կազմողները շնորհակալություն են հայտնում գործընկերներին այս կարևոր աջակցության համար:

Զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին։

 

Նմանատիպ նյութեր