211652_close_icon
views-count1537 դիտում article-date 10:53 17-02-2023

Զինվորական կացարանի հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ

Դատախազը, ուսումնասիրելով Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը, 2023 թվականի փետրվարի 16-ին, իր նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը և ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում՝ ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին` կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով: Արդյունքում, կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Իրավապահները պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քիչ առաջ հայտնի դարձավ ողբերգական հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ինքնությունը․

Մանուկյան Արամ Արսենի 
Ներսիսյան Վոլոդյա Մհերի 
Մարտիրոսյան Գոռ Դավիթի 
Ասրյան Ռոստոմ Արտակի 
Ղամբարյան Մուշեղ Վահագնի 
Ղարիբյան Տարոն Սեդրակի 
Աբաջյան Պավլիկ Վարդունի 
Սարգսյան Դավիթ Նորայրի 
Գրիգորյան Հրաչյա Կարենի 
Ավագյան Նարեկ Ռոբերտի 
Բարսեղյան Գագիկ Արմանի 
Դումիկյան Միշա Կարենի 
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի 
Կևորկով Սերգեյ Կարենի 
Դավթյան Համլետ Սպարտակի

Lուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր