211652_close_icon
views-count38108 դիտում article-date 21:46 12-02-2023

Գեղարքունիքի մարզում Սևանի ոստիկաններն ու պարեկները իրականացրել են հատուկ օպերացիա․ ձերբակալվածներից 1-ը «Սևան» քրեակատարողական հիմնարկի ավագ բուժակն է, իսկ մյուսն էլ՝ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնում թերիապիայի մասնագետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` փետրվարի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ կասկածելի անձինք կան։

Նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություններ էլ ստացվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի հանձնարարականով ստեղծվում է օպերատիվ խումբ` ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Խմբում ներգրավվում են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Պարեկները Սևան քաղաքի Շահումյան փողոցի 19 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 26-ամյա Ա.Ա.-ին, 25-ամյա Գ.Գ.-ին և 23-ամյա Ե.Թ.-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով Ե.Թ.-ի մոտ, ով եղել է ձմեռային բաճկոնով, հայտնաբերվում է թղթյա փաթեթ և մեկ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթ, որի մեջ հայտնաբերվում է 0.52 գրամ չորացված, կոշտացված, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, իսկ թղթյա փաթեթում` 0.37 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։

Պարզվում է, որ վերջինս նշված թմրանյութը ձեռք է բերել փետրվարի 9-ին` «Տելեգրամ» հավելվածի միջոցով` Գեղամավան բնակավայրի փողոցներից մեկում գտնվող բեռնատար մակնիշի ավտոմեքենայի համար նախատեսված բեռների խցիկի տակից։

Ոստիկանների և պարեկների օպերատիվության արդյունքում հնարավոր է եղել տեղում նկատել, որ Ե.Թ.-ն իր գրպանից ձերբակալման ժամանակ փողոցում նետել է 1 թղթյա փաթեթ և 3 կաթուցիչ` 2-ը օգտագործված վիճակում, իսկ 1-ն առանց օգտագործման։

Փաստերի ճնշման տակ Ե.Թ.-ն հայտարարել է, որ այն նույնպես ձեռք է բերել փետրվարի 9-ին Սևան քաղաքի «Զիմ զավոդի» տարածքում։

Նշված անձինք ոստիկանության Սևանի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ Ա.Ա.-ն, Գ.Գ.-ն և Ե.Թ.-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով Ա.Ա.-ն աշխատում է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկում` որպես ավագ բուժակ, իսկ Ե.Թ.-ն աշխատում է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում` աշխատանքային թերապիայի մասնագետ։

Լուսանկարները` Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր