211652_close_icon
views-count1744 դիտում article-date 19:49 10-02-2023

43-ամյա տղամարդը 14 տարի շարունակ մի կնոջ աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել, պարբերաբար ծեծել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում թրաֆիքինգի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ 2023թ. փետրվարի 6-ին Կոտայքի մարզի 66-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ նույն մարզի բնակչի կողմից իրեն մուրացկանության դրդելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիակնության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ:

Քննության տվյալներով՝ 66-ամյա կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել, ինչի դիմաց տղամարդը պահաջնել է 3000 ԱՄՆ դոլար: Տեսնելով, որ կինը չի կարողանում վճարել պահանջված գումարը՝ տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել, օրվա ընթացքում հավաքաված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել, կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների, տղամարդը, նպատակ ունենալով տիրանալու 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կեսնաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է:

Մի քանի անգամ կինը փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գնտվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:

Վերջին անգամ կինը փախել է 2023թ. հունվարի 31-ին, մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների շնորհիվ տեղափոխվել է անօթևանների համար նախատեսված կացարան:

ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով Կոտայքի մարզի հիշյալ բնակիչը ձերբակալվել է։

Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամ մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հադիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը: Տվյալ անձի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։

Վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր